Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունների այս հանգստյան օրերի հանդիպումներն առանձնացան նրանով, որ դրանք Չեմպիոնների լիգայի այսօր-վաղը կայանալիք խաղերի որոշակի տրամաբանության կրողներ էին: Բնականաբար` ոչ բոլորի համար:
Անգլիայի պրեմիեր լիգայի գրեթե ցանկացած տուր խմբագրումներ է մտցնում առաջատար եռյակում: «Վեստ Հեմ Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:1) նորից այնտեղ է «Լիվերպուլը», որը, ի հաշիվ լրացուցիչ ցուցանիշների, երեսուն միավոր ունեցող «Չելսիին» (2:3 հաշվով պարտվել է «Սթոք Սիթին») հետ մղեց երրորդ հորիզոնական: Կրկին աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ով պարզապես ֆանտաստիկ խաղ է ցուցադրում ու տասնչորս գնդակով (վերջին երկու խաղում խփել է հինգ գնդակ) գլխավորում է ռմբարկուների աղյուսակը:
«Սաութհեմպտոնի» հետ խաղից հետո ավելի առաջանալու հնարավորությունը ձեռքից բաց թողեց «Մանչեստր Սիթին»` սեփական հարկի տակ բավարարվելով ոչ-ոքիով (1:1): Արդյունքում քաղաքաբնակները աղյուսակի երրորդ հորիզոնականը փոխեցին չորրորդով: Հաղթանակի դեպքում աղյուսակը որակապես կարող էր խմբագրել և «Էվերտոնը», սակայն «Արսենալից» կարողացավ ընդամենը միավոր կորզել, թեպետ ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մեջ լրջորեն ներքաշված լոնդոնցիներից միավոր կորզելը չափազանց պատվաբեր է, այն էլ` հյուրընկալվելիս: Արդյունքում «Էվերտոնը» մնաց եռյակին հնարավորինս մոտ, իսկ «Արսենալը» երկրորդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլից» առաջ է հինգ միավորով:
Առաջատարի դիրքերը չզիջեց և «Յուվենտուսը»: Իտալիայի առաջնության տասնհինգերորդ տուրում «Ծեր սինյորան» արտագնայում 2:0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ: Երրորդ տեղում ընթացող «Նապոլին» կարող էր թեկուզև ժամանակավորապես առաջընթաց քայլ կատարել, սակայն սեփական հարկի տակ «ՈՒդինեզեի» հետ խաղացած ոչ-ոքին (3:3) նրան թողեց նույն դիրքում: «Ֆիորենտինայի» հետ խաղում «Յուվեին» շատ ավելի առաջ պոկվելու հնարավորությունից կարող էր զրկել «Ռոման»: Մեկնարկային տասը անընդմեջ հաղթանակից ու դրան հետևած չորս անընդմեջ ոչ-ոքիից հետո «գայլերին» վերջապես հաջողվեց հաղթանակ տոնել: Գործող չեմպիոնից նրանք այժմ երեք միավորի հեռավորության վրա են:
Առաջատար եռյակի փոփոխություն չգրանցվեց նաև բունդեսլիգայում: Բրեմենցիների կատարողականը ստուգելու մեկնած «Բավարիան» ակնհայտ դժգոհ մնաց նրանց վարպետությունից` «Վերդերին» պատժելով յոթ անպատասխան գոլով: Ինչ վերաբերում է տուրի թիվ մեկ հանդիպմանը, հաղթելու դեպքում Դորտմունդի «Բորուսիան» կարող էր միավորներով հավասարվել «Բայերին», սակայն կատարվեց վատագույնը: Որքան էլ գրանցված հաղթանակը նվազագույն հաշվով է` հօգուտ հյուրերի, այդուհանդերձ, «Բայերն» արդեն վեց միավորի առավելություն ունի դորտմունդցիների նկատմամբ:
Նախորդ տուրում «Էվիանից» կրած պարտությունից դասեր քաղած ՊՍԺ-ն հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Սոշոյի» դարպասը: Նորից փայլուն է գործել փարիզցիների ողջ հարձակման գիծը: Մեկական գոլ Էդինսոն Կավանիի, Տյագո Սիլվայի, Էսեկիել Լավեսիի ակտիվում է, իսկ Զլատան Իբրահիմովիչը կրկին հեղինակել է դուբլ ու ռմբարկուների մրցավազքում առաջինն է` տասներեք գոլով: Արտագնա խաղում «Լիլն» ուժերը չափեց «Բորդոյի» հետ ու պարտվեց նվազագույն հաշվով, ինչը «Մոնակոյին» «Այաչոյի» հետ հաղթական խաղում հնարավորություն կտա վերադառնալու երկրորդ հորիզոնական: Այս խաղը կայացել է երեկ երեկոյան:
Ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնությանը, ապա, գավաթային խաղերի հետ կապված, այս օրերին այստեղ հարաբերական դադար է: «Պայթյուններին» սպասենք մյուս շաբաթ:
Ահա այսքանը ներքին առաջնություններից: Սակայն խոսել առաջատար եռյակների` դրանց մասնակցությունից ու աչքաթող անել այս երեքշաբթի-չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի խմբայինում նրանցից մի քանիսին սպասող հանդիպումները, թերևս սխալ կլինի: Խնդրո շրջանակից միանգամից հանենք Մադրիդի «Ռեալին», ՊՍԺ-ին, Մադրիդի «Աթլետիկոյին», «Բավարիային», «Մանչեստր Սիթիին», «Չելսիին» ու «Բարսելոնին», որոնք լուծել են փլեյ օֆ դուրս գալու խնդիրը: Մնացած հինգը` «Բայերը» (A խումբ), «Յուվենտուսը» (B խումբ), «Արսենալը», Դորտմունդի «Բորուսիան», «Նապոլին» (F խումբ), ինքնին հասկանալի է, դեռ խնդիր ունեն լուծելու: Ընդ որում, այստեղ անհամեմատ շահեկան է «Նապոլիի» հետ սեփական հարկի տակ մրցակցող «Արսենալի» վիճակը, որը պիտի իտալացիներին չպարտվի երեք և ավելի գնդակի տարբերությամբ, ինչը, նկատի ունենալով անգլիացիների ներկայիս վիճակը, անհավանականության ոլորտից է: Սակայն, բոլոր դեպքերում, չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ սկզբունքորեն հնարավոր է ամեն ինչ: «Նապոլիի» հաղթանակի դեպքում, ընդ որում, անգամ նվազագույն հաշվի պարագայում, դատապարտված է հաղթելու նաև Դորտմունդի «Բորուսիան» (մրցակիցը մրցաշարային ոչ մի հետաքրքրություն չունեցող «Մարսելն» է), քանի որ երկուսն էլ հավասար` իննական միավոր ունեն: A խմբում «Ռեալ Սոսիեդադի» հետ պայքարում «Բայերը» պարզապես դատապարտված է հաղթելու, սակայն այս հաղթանակը հաղթական արժեք կունենա միայն այն դեպքում, եթե «Մանչեստր Յունայթեդ»-«Շախտյոր» հանդիպումում նույնը չանեն և ուկրաինացիները: Եթե «Կոպենհագեն»-Մադրիդի «Ռեալ» խաղում վերջիններիս «բարությունը» բռնի, ապա «Գալաթասարայ»-«Յուվենտուս» խաղում հաղթելու են դատապարտված նաև իտալացիները: Մնացած այլ պարագաների համար թուրքերի հետ խաղում իտալացիներին լիովին ձեռնտու է և ոչ-ոքին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ